ՈՒկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման թեման Մոսկվայում ծայրահեղ մտահոգություն է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այդ զենքն առանձնահատուկ է, կարող է լինել ոչ միջուկային, կարող է լինել միջուկային տարբերակով։ Զենքի հեռահարությունը բարձր է, լուրջ»,- ասել է Պեսկովը։               
 

Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին. 4

Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին. 4
10.10.2025 | 10:44

Սկիզբը՝ այստեղ

Եթե Թրամփը հատի կարմիր գիծը, Երրորդ համաշխարհայինից խուսափելը կարող է անհնարին լինել

Եթե հետևենք արևմտյան առաջատար և հեղինակավոր համարվող լրատվամիջոցներին, ապա Ուկրաինային ներկայիս պատերազմը միջուկայինի և Երրորդ համաշխարհայինի վերածելու վտանգ պարունակող ամերիկան «Tomahawk» թևավոր հրթիռների մատակարարման հնարավորության վերաբերյալ ամենահակասական, իրարամերժ հրապարակումները հաջորդում են մեկը մյուսին:

Մեկ գրում են, թե Թրամփը դրանք կվաճառի ՆԱՏՕ- ի անդամ որոշ պետություններին կամ հենց ՆԱՏՕ- ին, որպեսզի նրա միջոցով հրթիռները փոխանցվեն Ուկրաինային, մեկ գրում են, որ ընդամենը հայտարարել է, բայց իրականում չի վաճառի այդ հրթիռները, հետո նորից գրում են, որ Ուկրաինային տրամադրելու է «Tomahawk»- ներ… Մի խոսքով, Արևմուտքը հավատարիմ ՌԴ- ի նկատմամբ իր քաղաքականությանը, շարունակում է Ռուսաստանին ռազմավարական անորոշության մեջ պահել:

Հիմա էլ բրիտանական «Telegraph» թերթը գրել է, որ ԱՄՆ- ը կարող է Ուկրաինային մատակարարել «Tomahawk» թևավոր հրթիռներ, սակայն մատակարարումների համաձայնեցման և իրականացման համար ամիսներ կպահանջվեն:

Բացի այդ, ըստ պարբերականի, Վաշինգտոնը կարող է Կիևին արգելել դրանք կիրառել:

«Ամերիկյան «Tomahawk» հրթիռների առաքումն Ուկրաինա կարող է ամիսներ տևել, և նրանք կարող են երբեք չլքել իրենց արձակման կայանքները, բայց դա չի նշանակում, որ դրանք ազդեցություն չեն ունենա Մոսկվայի վրա»,- գրել է «Telegraph»- ը:

Հոդվածում նշված է նաև, որ ԱՄՆ- ը կարող է հրթիռները փոխանցել առանց դրանց օգտագործման թույլտվության, կամ էլ օգտագործման սահմանափակումներ կիրառել բանակցային դիրքերն ուժեղացնելու համար: Իրականում դեռ ոչինչ հայտնի չէ, եղածն ընդամենը ենթադրություններ են:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրթիռների հնարավոր մատակարարումներն անվանել է հակամարտության լուրջ սրացում և կոչ է արել սպասել այդ հարցի շուրջ ԱՄՆ- ի պաշտոնական հայտարարություններին: Ռազմական փորձագետ Անդրեյ Մարոչկոյի գնահատմամբ, Կիևի կողմից «Tomahawk» հրթիռների հնարավոր կիրառման սկիզբը հակամարտության նոր փուլ կդառնա:

Ուկրաինայի տարածքում «Tomahawk» հրթիռների կիրառումը կդառնա գործողություն հենց ԱՄՆ-ի ղեկավարությամբ

Նման կարծիք է հայտնել ու Կիևի կողմից «Tomahawk» հրթիռների օգտագործման պատասխանատվության մասին Սպիտակ տանը հիշեցրել իռլանդացի հայտնի լրագրող Չեյ Բոուզը։

«ԱՄՆ-ին (և, հնարավոր է, Մեծ Բրիտանիային) անհրաժեշտ կլինի Ուկրաինային տրամադրել ոչ միայն հրթիռները, այլև ամբողջ ենթակառուցվածքը՝ օպերատորներ, իրական ժամանակում տեղեկատվության աղբյուրներ և արձակման սարքավորումներ։ Դա դրանով կլինի ԱՄՆ- ի ղեկավարությամբ գործողություն, ինչպես այդ մասին ասել է Պուտինը»,- հայտարարել է Չեյ Բոուզը X սոցիալական ցանցում, որտեղ նաև ընդգծել է, որ Ուկրաինան, առանց օտարերկրյա մասնագետների անմիջական մասնակցության, ինքնուրույն չի կարող շահագործել «Tomahawk»- ները:

Ֆինլանդիայում էլ զգուշացրել են «Tomahawk»–ներն Ուկրաինային փոխանցելու դեպքում Ռուսաստանի պատասխանի մասին

Ֆինլանդիայի «Ազատության դաշինք” կուսակցության անդամ Արմանդո Մեման հայտարարել է, որ Ռուսաստանն անպայման կպատասխանի իր տարածք «Tomahawk» հրթիռների արձակման դեպքում։ Մեմայի խոսքով՝ հիմարություն է մտածել այն մասին, որ «Tomahawk»- ի գործարկման դեպքում Ռուսաստանը ոչ մի միջոց չի ձեռնարկի։

«Այն միտքը, որ Ռուսաստանը ոչ մի պատասխան չի ձեռնարկի, պարզապես ծիծաղելի է»,- գրել է Մեման X սոցիալական ցանցում և ընդգծել է, որ «Tomahawk» հրթիռները, որոնք Արևմուտքը մտադիր է փոխանցել Ուկրաինային, կարող են համալրվել միջուկային մարտագլխիկներով: Արևմտյան ԶԼՄ- ներն ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը գրեթե համաձայնեցրել է Ուկրաինային «Tomahawk» հրթիռների փոխանցումը, սակայն դեռ չի որոշել դրանց օգտագործման պայմանները:

«Կրիտիկական կետ». «Կարիբյան ճգնաժամ-2»–ի փոխարեն… աշխարհը կարող է հայտնվել միջուկային ապոկալիպսիսի շեմին»

ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Ուկրաինային «Tomahawk» հրթիռներ հանձնելու պատրաստակամության մասին, պարզապես սպառնալիք չէ, այլ մեծ խաղի տարր, որում աշխարհը մոտենում է «կրիտիկական կետին», որին կարող է հաջորդել կտրուկ էսկալացիա, որը չափազանց վտանգավոր է ամբողջ աշխարհի համար: Ուկրաինական «Страна» պարբերականն արտահայտելով այս կարծիքը, ենթադրում է, որ այս պահին Կրեմլի զարմանալիորեն զուսպ արձագանքը կարող է վերածվել իսկապես կոշտ պատասխանի:

Պարբերականի կարծիքով, գլխավոր ինտրիգն այն է, որ Մոսկվան այժմ «Tomahawk»- ների սպառնալիքին ավելի մեղմ է արձագանքում, քան 1 տարի առաջ պակաս հզոր ATACMS հրթիռների մատակարարմանը։ Այն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնիսկ փոփոխություններ կատարեց միջուկային դոկտրինում։ Իսկ հիմա Կրեմլը, չհաշված Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունները, միայն կրկնում է, որ դա «կկործանի հարաբերությունները» (ռուս- ամերիկյան), և հույս է հայտնում, որ Թրամփը «հավատարիմ է կմնա խաղաղությանը»:

Պարբերականի վերլուծաբանները դա պարզ են բացատրում. Կրեմլում դեռ չեն հավատում, որ Թրամփը լրջորեն պատրաստ է նման քայլի, և դեռ նրա մեջ գործընկեր են տեսնում, որի հետ կարելի է պայմանավորվել:

«Մոսկվան «դալնաբոյին» (ATACMS) պատասխանեց բավականին մեղմ… հիմնականում այն պատճառով, որ Բայդենն արդեն պարտվել էր ընտրություններում… և Կրեմլը հույս ուներ, որ Թրամփի հետ երկխոսություն կսկսի… Սակայն ՌԴ- ի արձագանքը «Tomahawk»- ին, հնարավոր է, շատ ավելի կոշտ կլինի»,- գրել է «Страна»- ն:

Հենց դրանում է հիմնական վտանգը։ Լրագրողների կարծիքով, եթե Ռուսաստանը տեսնի, որ Թրամփը բլեֆ չի անում, դա նրա համար «կարմիր դրոշ» կդառնա՝ ազդանշան, որ Վաշինգտոնի հետ գործարքի իր վերջին հույսը փլուզվել է: Եվ պատասխանը անհամեմատ ավելի կոշտ կլինի։

«Քաղաքական իրավիճակը տարբերվում է նրանից, ինչ կար մեկ տարի առաջ. Նահանգներում այժմ չկա քաղաքական գործիչ, որի հետ Ռուսաստանը կարող է հույս ունենալ պայմանավորվել Թրամփից հետո»,- ընդգծել է պարբերականը:

Այս դեպքում, ինչպես կարծում են ուկրաինացի լրագրողները, Մոսկվան ինքը կարող է գնալ խաղադրույքների կտրուկ բարձրացման՝ մատակարարումները կանխելու համար։ Իսկ եթե հրթիռներն, այնուամենայնիվ, կիրառվեն, Ռուսաստանում կարող են հիշել « Ուկրաինային կամ ՆԱՏՕ- ի երկրներին միջուկային հարվածի սպառնալիքի վերաբերյալ» վաղուց հնչող գաղափարների մասին։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Արևմուտքն Ուկրաինայի պատճառով կխուսափի միջուկային պատերազմի ռիսկից ու կգնա զիջումների։ Սակայն, ինչպես նշված է «Страна»- ի հրապարակման մեջ, ««Կարիբյան ճգնաժամ-2» – ի փոխարեն… աշխարհը կարող է հայտնվել միջուկային ապոկալիպսիսի շեմին»:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ